ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՀԵՏ
ԻՆՉ Է ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Անձի՝ իր պարտքերը վճարելու անկարողության յուրաքանչյուր դեպք չի կարող համարվել սնանկություն, այն կարող է բացահայտվել փորձառու մասնագետների օգնությամբ:
«Սնանկությունը» իրավաբանական կամ ֆիզիկական անձի անվճարունակության իրավական փաստն է, որը հաստատվում է դատարանի կողմից` անձին սնանկ ճանաչելու մասին վճռով:
«Անվճարունակությունը» մի վիճակ է, երբ պարտապանն անկարող է վճարելու իր պարտքերը` նախատեսված ժամկետներում, կամ երբ պարտապանի պարտավորությունների ընդհանուր գումարը գերազանցում է նրա ակտիվների արժեքը:
Սակայն, իր պարտքերը վճարելու անկարող անձին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ է որպեսզի առկա լինեն որոշակի հիմքեր և հատկանիշներ, որոնք նախատեսված են “Սնանկության մասին” ՀՀ օրենքի 3-րդ ոդվածով:
Անձին սնանկ ճանաչելու ինստիտուտը ուղղված է քաղաքացիական շրջանառության կայունության ապահովմանը, որն ունի երկու գլխավոր նպատակ՝
– քաղաքացիական շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնել կամ
– նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղել:
Սնանկության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ արդարադատության նախարարի հրամաններով և այլ իրավական ակտերով: Սնանկության գործերի վարումն իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ՀՀ սնանկության դատարանի կողմից:
ԻՆՉ Է ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՕԳՆԻ ԸՆՏՐԵԼ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀ
«Սնանկության վտանգը» մի վիճակ է, որի դեպքում Պարտապանի կողմից ակնհայտորեն կանխատեսելի են սնանկության հիմքերի և հատկանիշների առաջացումը: Այս դեպքում Պարտապանն իրավունք ունի սնանկության վտանգի դիմում ներկայացնել դատարան: Սնանկության վտանգի գործընթացի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Պարտապանը դիմումի հետ միասին պարտավոր է դատարան ներկայացնել նաև ֆինանսական առողջացման ծրագիր: Դատարանի կողմից սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պարտապանի գործունեությունը շարունակվում է բացառապես ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում:
Այս դեպքում ևս Պարտապանը կարող է օգտվել սնանկության ինստիտուտի ընձեռած բոլոր առավելություններից:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՍՆԱԳԵՏԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՆԵԼ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Առավելություններ Պարտատիրոջ համար –
1) կիրառվում է մորատորիում, որը հնարավորություն է տալիս թույլ չտալ պարտապանի գույքի նվազեցում, նոր պարտավորությունների ավելացում,
2) թույլ է տալիս հավաքագրել պարտապանի բոլոր դեբիտորական պարտքերը,
3) հնարավորություն է տալիս հետ վերադարձնել պարտապանի կողմից իր պարտավորությունները չկատարելու նպատակ հետապնդող գործարքներով նվազեցված /այլ անձանց փոխանցված/ ակտիվները.
4) թույլ է տալիս իրականացնել պարտապանի վճարունակությունը վերականգնելուն ուղղված ֆինանսական առողջացման ծրագրեր:
Առավելություններ Պարտապանի համար –
1) կիրառվում է մորատորիում, որը թույլ տալիս խուսափել ժամանակին չկատարված պարտավորությունների համար լրացուցիչ տոկոսներից ու տուժանքներից,
2) թույլ է տալիս իրականացնել պարտապանի վճարունակությունը վերականգնելուն ուղղված ֆինանսական առողջացման ծրագրեր,
3) թույլ է տալիս վարույթի ավարտին ազատվել դրամական պարտավորությունների կատարումից, եթե անհնար է եղել առողջացումը կամ պարտավորությունների կատարումը:
Թերություններ Պարտատիրոջ համար –
1) գործին ներգրավվում են պարտապանի բոլոր պարտատերերը,
2) պահանջների բավարարումը կատարվում է օրենքով նախատեսված հերթականությամբ և համամասնությամբ,
Թերություններ Պարտապանի համար –
1) կառավարման մարմինների լիազորությունները սահմանափակվում են, իսկ լուծարելու մասին որոշում կայացնելու պահից կասեցվում են գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքները.
2) բացասական է ազդում գործարար համբավի, վարկային վարկանիշի վրա:
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ !
ԿԵՂԾ ԵՎ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ ԵՆ
1. «Հարկադրված սնանկություն» – պարտատիրոջ պահանջով, եթե պարտապանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն` առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով պայմանները:
2. «Կամավոր սնանկություն» – սեփական նախաձեռնությամբ` եթե
ա) պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն):
բ) պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն):
Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա, օրենքի համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:
ՊԱՐՏԱՏԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ ՊԱՐՏԱՏԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆԸ
Սնանկության վարույթում Պարտատեր է համարվում պարտապանի նկատմամբ պահանջներ ունեցող այն անձը, ով օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դիմել է դատարան իր պահանջները գրանցելու համար և ընդգրկվել է դատարանի որոշմամբ հաստատված՝ Պահանջների վերջնական ցուցակում:
Պարտատերերի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, մասնավորապես՝
1) Սնանկության կառավարչի թեկնածություն ներկայացնելու իրավունքը,
2) Պարտապանի հետ հաշտություն կնքելու իրավունքը,
3) դատական ակտերը բողոքարկելու իրավունքը,
4) կառավարչի գործողությունները կամ անգործությունը վիճարկելու իրավունքը,
5) Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունքը,
6) պարտատերերի ժողովի կամ խորհրդի միջոցով կառավարչի գործողությունների նկատմամբ, օրենքով վերապահված իրավասությունների շրջանակում, վերահսկողություն իրականացնելու իրավունք,
7) ապահովված իրավունքի առարկայի նկատմամբ օրենքով նախատեսված իրավունքները:
Սնանկության վարույթում Պարտապանն այն անձն է ում նկատմամբ սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը դատարանի կողմից ընդունվել է վարույթ:
Պարտապանների իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, մասնավորապես՝
1) Հարկադրված սնանկության դեպքում իր սնանկությունը վիճարկելու իրավունքը,
2) Սնանկության կառավարչի թեկնածություն ներկայացնելու իրավունքը,
3) դատական ակտերը բողոքարկելու իրավունքը,
4) կառավարչի գործողությունները կամ անգործությունը վիճարկելու իրավունքը,
5) Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունքը,
6) Պարտապանի համագործակցելու պարտականությունը,
7) Պարտապանը պարտավոր է ներկայացնել օրենքով նախատեսված հայտարարագիր, տեղեկատվություն, փաստաթղթեր,
8) Պարտապանը կառավարչի վերահսկողությամբ պարտավոր է կատարել ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:
ՈՎ Է ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ
Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության ժամանակավոր Կառավարիչ, իսկ սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո նույն անձը /բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի/ նշանակվում է Կառավարիչ:
Սնանկության վարույթում Կառավարչի դերակատարումը հանգում է պարտապանի գույքի պահպանմանը և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումն ապահովելուն, ուստի վերջինիս տրված բոլոր լիազորությունները մեկնաբանվում են այն սկզբունքով, որ դրանք ուղղված են նշված դերակատարման կենսագործմանը:
Կառավարիչը սնանկության գործում ինքնուրույն շահեր չի հետապնդում և իր հիմնական գործառույթների իրականացմամբ հանդիսանում է պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռումն ապահովող անձ:
Օրենքով սահմանված կարգով Կառավարչի թեկնածություն առաջարկելու իրավունք ունեն թե Պարտատերը, թե Պարտապանը:
Թեկնածություն չառաջադրվելու դեպքում Կառավարչի ընտրությունը կատարվում է արդարադատության նախարարության կողմից՝ հատուկ ծրագրի միջոցով:
Կառավարիչն իր գործունեությունն իրականացնում է դատարանի, պարտատերերի ժողովի /խորհրդի/, արդարադատության նախարարության, “Սնանկության կառավարիչների կոլեգիա” ԻԿԿ-ի վերահսկողության ներքո:
Ըստ սնանկության վարույթի տարբեր փուլերի, Կառավարիչն ունի օրենքով վերապահված համապատասխան լիազորություններ /պարտականություններ/, որոնք ուղղված են հետևյալ գլխավոր գործառույթների իրականացման ապահովմանը՝
1) պարտապանի գույքի պահպանում, հավաքագրում,
2) վերահսկողություն պարտապանի գործունեության նկատմամբ,
3) պարտատերերի պահանջների բավարարում:
Կայքում տեղադրված նյութերը կրում են տեղեկատվական բնույթ: Կայքի պատասխանատուները տեղադրված նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար պատասխանատվություն չեն կրում: